Տարոն Մարգարյանն ու նրա փաստաբանը առաջադրված մեղադրանքին հումորով են վերաբերվում

Փաստաբանը Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նկարագրված փաստերը որակում է իբրև «դարի հանցագործություններ»՝ միաժամանակ որոշ հանգամանքներ ներկայացնելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին Facebook-ում գրել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը:

Փաստաբանը Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նկարագրված փաստերը որակում է իբրև «դարի հանցագործություններ»՝ միաժամանակ որոշ հանգամանքներ ներկայացնելով:

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նա հայտնում է, որ իր պաշտպանյալը 2021թ. փետրվարի 7-ից առողջական խնդիրներով պայմանավորված՝ գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում: Փետրվարի 11-ին տեղեկացել են, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրն իրենք կապ են հաստատել քննիչի հետ ու պայմանավորվել, որ փետրվարի 13-ին Տարոն Մարգարյանը կվերադառնա ՀՀ և կներկայանա քննչական կոմիտե, ինչը և արել է:

«Այդ օրն էլ պարզել ենք, որ նախաքննական մարմինը, «մոռանալով», որ փետրվարի 11-ին մեզ հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, նույն օրը պարոն Մարգարյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում»,- գրում է փաստաբանը:

Բացի այդ, ըստ նրա՝ նախաքննական մարմինը մինչ օրս իրենց չի տրամադրել մեղադրանքի մեջ վկայակոչված փաստաղթերը (անհատական ակտեր, հատակագծեր, գեոդեզիական և քաղաքաշինական փաթեթներ և այլն): Փոխարենը քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրելու մասին:

«Պետք է փաստեմ, որ պարոն Մարգարյանն այս ֆարսին վերաբերում է հումորով:

Իսկ ես պարզապես ֆիքսեմ կարևոր մի բան ևս. այս քրեական գործը քննող քննիչները, գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազները բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, ուստի վստահորեն կարելի է նշել, որ քրեական գործով իրականացվող գործողությունները, որոնցով խախտվում են պաշտպանյալիս և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, ոչ թե անփորձության և տգիտության, այլ ուղղակի դիտավորության արդյունք են... թե որտեղից է գալիս այդ դիտավորությունն ու ինչ նպատակ է հետապնդում, վստահաբար կպարզենք հետագայում»,- նշում է փաստաբանը:

Քրեական գործ չի հարուցվի, մեղադրյալին կհսկեն էլեկտրոնային օղակով

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետի Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի Արման Սահակյանին ու Երևանի քաղաքապետարանի ևս երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: