«Պետք չի պարզել, պետք է լուծել այդ հարցը». Փաշինյանին զայրացրեց նախարարի պատասխանը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետին չգոհացրեց Սուրեն Պապիկյանի պատասխանն այն մասին, թե ինչո՞ւ մինչև հիմա լուծված չեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում խաղահրապարակ կառուցելու հետ կապված խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարկացրեց այն, որ մինչև հիմա սահմանամերձ Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակի կառուցման հարցը չի լուծվել։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Դեռ նախորդ տարի` 2020-ի սեպտեմբերի 7-ին, Փաշինյան այցելել էր Ներքին Կարմիրաղբյուր, հետո Facebook–ի իր էջում գրառում էր արել, թե գյուղում կկառուցվի նաև «Մայրիկ» անունը կրող մանկական պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է: 

Այսօրվա նիստի ժամանակ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են շինարարական աշխատանքները, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ այնտեղ խնդիրներ են առաջացել գույքի գրանցման առումով։

Մինչ օրս հնարավոր չի եղել այդ տարածքն ընդգրկել համայնքի հաշվեկշռում, որպեսզի կարողանան շինարարական աշխատանքները սկսել։ Ղուլարյանը բացատրեց` սեփականատերերի հետ կապված ժառանգության հարցերով խնդիրներ կան, դատական գործ է ընթանում։

Ինչպես են վերականգնվում սահմանապահ գյուղերը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Փաշինյանը, լսելով Ղուլարյանին, հարցրեց` ի վերջո լուծվելո՞ւ է այդ հարցը, թե չէ։ Ղուլարյանը խոստացավ, որ կլուծվի այն, չնայած իրենց իրավասության ներքո չէ։

«Գնացել, մարդկանց խոստացել ենք ու պարզվում է` մինչև հիմա արված չի՞»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, ի պատասխան նախարարը նշեց, որ կպարզի և կզեկուցի։ Վարչապետին, սակայն, չգոհացրեց Պապիկյանի պատասխանը։

«Պետք չի պարզել և զեկուցել, պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ արված է ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի` Ներքին Կարմիրաղբյուր այցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր նաև, որ գյուղում նաև հյուրատուն կգործի։