Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԼՂ հարցով եռակողմ խումբը շարունակում է աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը վերջին օրերի ընթացքում կայուն է եղել:

«Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում, շարունակում են տեղանքը մաքրել պայթյունավտանգ առարկաներից և ապահովում են փախստականների վերադարձի անվտանգությունը», - ասել Է նա։

Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների` 2020թ.–ի նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կատարումը քննարկվել է փետրվարի 17-ին ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում:

ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

Աշխատանքը շարունակվում է նաև փորձագիտական խմբի շրջանակում՝ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ խմբի երկրորդ նիստը կայացել է փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ռեժիմով:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը։

Ի՞նչ է ծրագրում Թուրքիան. Մեծ Թուրան` Նախիջևանի միջով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց ևս մեկ լրացուցիչ հայտարարություն, որի բոլոր 4 կետերը վերաբերում են ապաշրջափակման ծրագրերին։

Երկաթուղային ապաշրջափակման դեպքում բեռնափոխադրումների 80 տոկոսը կանցնի Մեղրիով

Հայտարարության արդյունքում ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ, որը պետք է կազմի աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկ՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները:

Աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը պետք է կողմերի ամենաբարձր մակարդակով հաստատմանը ներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը։

Նշենք, որ աշխատանքային խումբը փետրվարի 2-ին արդեն երկրորդ հանդիպում է անցկացրել։ Բայց քննարկված հարցերի մասին մանրամասներ, այդ թվում` ճանապարհների վերաբերյալ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։

Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո