ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի, Sputnik. Լիսագոր գյուղի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, հայտնում են Արցախի ՊԲ-ից։
«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Լիսագորի հատվածում հերթապահություն իրականացնող զինվորները ուժեղ քամու պատճառով զրկվել են վրանից ու մնացել բաց երկնքի տակ։