Դրանից կրակոցների վտանգը չի մեղմվում. Արման Թաթոյանը` Սյունիքի սահմանային գյուղերի մասին

Արման Թաթոյանի գնահատմամբ` զինված ադրբեջանացիների առկայությունն առհասարակ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների` Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական գրառումն է արել Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցների վերաբերյալ՝ շեշտելով, թե հաճախ ասում են, որ դրանք անկանոն են կամ պարզապես օդ են կրակում:

«Տպավորություն կարող է ստեղծվել, թե այսկերպ մեղմվում է կրակոցների վտանգը»,- գրում է Թաթոյանը՝ հարցադրում անելով, թե ինչպե՞ս է որոշվում՝ դրանց կանոնավոր կամ անկանոն լինելը, կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում, որը` գյուղի ուղղությամբ, և վերջապես՝ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:

Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր կրակոց:

«Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- գրում է ՄԻՊ-ը:

«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են

Ըստ նրա` ադրբեջանական զինված ծառայողների առկայությունն առհասարակ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար:

Նշենք` փետրվարի 15–ին ՀՀ ՊՆ էր հայտնել, որ սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը։

Հիշեցնենք` արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի մի շարք շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները ՝ պահանջելով լուծել սահմանների և նրանց անվտանգության հարցը, իսկ սահմանազատումն անվանեցին ապօրինի։ Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի հատվածներում։