Գորիսի ուսուցչի տունը ԿԳՄՍՆ-ն է առաջարկել վաճառքի հանել. ո՞րն է պատճառը

Գորիսի ուսուցչի տունը ներառված է Սյունիքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Sputnik Արմենիայի թղթակիցը հարցում էր ուղարկել պետգույքի կառավարման կոմիտե` հետաքրքրվելով շենքի ճակատագրի հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Գորիսի ուսուցչի տունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է առաջարկել վաճառքի հանել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։

Բուժհիմնարկները` հյուրանոցնե՞ր. ԱԺ–ն կառավարության վերաբերմունքն անհարգալից է համարում

Օրեր առաջ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը` ուսուցչի տունը։ Sputnik Արմենիայի թղթակիցը հարցում էր ուղարկել պետգույքի կառավարման կոմիտե` հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են որոշել վաճառել այս շենքը և արդյո՞ք գոնե սահմանվել է շենքի պահպանման պահանջ։

Ի պատասխան հայտնել են, որ Գորիսի ուսուցչի տունը պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում երբեք չի հաշվառվել և չի հաշվառվում։ Այն սեփականության իրավունքով պատկանում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող «Կրթության ազգային ինստիտուտին»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է այն վաճառքի հանվել, ապա կոմիտեից մանրամասնել են, որ կառավարության 2019-ի հունիսի 27-ի N817-Ա որոշման համաձայն` «Կրթության ազգային ինստիտուտը» գտնվում է լուծարման փուլում, իսկ լուծարվող կազմակերպության պարտավորությունները պետք է մարվեն։

Այսինքն` լուծարման աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի առաքելությունը լուծարվող կազմակերպության պարտավորությունների մարումն է։ Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն` եթե լուծարվողի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբականական անձի գույքը։

««Կրթության ազգային ինստիտուտի» պարտավորությունները մարելու նպատակով ԿԳՄՍՆ–ն առաջարկել է, որ, ի թիվս ընկերությանը պատկանող այլ գույքի, վաճառքի ներկայացվի նաև Գորիսի ուսուցչի տունը։ Նախարարությունը հայտնել է, որ շենքը ներառված է կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2322-Ն որոշմամբ հաստատված Սյունիքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»,–նշված է պատասխանի մեջ։

Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Սակայն, մյուս կողմից, շենքն ընդգրկված չէ ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Ուստի, շենքի աճուրդի ծանուցման մեջ նշվել է, որ շենքի գնորդը պարտավոր է կնքել պահպանման պարտավորագիր, որի մեկ օրինակը պետք է ներկայացնի Սյունիքի մարզպետարան, մյուսը` ԿԳՄՍՆ։

Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն`հուշարձանի սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը, կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ։

Հիշեցնենք` Իրինա Յոլյանը հայտնել էր, որ այդ տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, որը համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Ուսուցչի տան շենքը դեռևս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։