Արցախցիներին 68 000-ական դրամ կտրամադրվի. ո՞վ չի կարող աջակցություն ստանալ

Կառավարությունը որոշեց ևս 30 մլրդ դրամ հատկացնել արցախցիներին` նրանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց արցախցիներին 4 ամիս 68 000 դրամ աջակցություն տրամադրել։

ՀՀ սահմանամերձ գյուղերի ցանկը հաստատվել է. աջակցություն կստանան 77 բնակավայր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` աջակցությունը կստանան բոլոր արցախցիները, բացառությամբ 18-63 տարեկան այն տղամարդիկ, որոնք հաշմանդամության խումբ չունեն։

«Ծրագրի բյուջեն կկազմի 30 մլրդ դրամ, ընդհանուր առմամբ` 55 մլրդ դրամի է հասնում ՀՀ կառավարությունից արցախցիներին տրամադրված գումարները։ Գրեթե այդքան գումար էլ Արցախի կառավարության կողմից աջակցության ծրագրերին կտրամադրվի»,–ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով` 4 ամիս 68 000 դրամ աջակցություն ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք և կենսաթոշակառուները դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա. նրանք իրենց կենսաթոշակների հետ համատեղ կստանան այդ գումարները։ Իսկ մյուսները փետրվարի 25-ից էլեկտրոնային կարգով կարող են դիմում ներկայացնել և մարտի 15-ից ստանալ իրենց աջակցությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ վիրավորում ստացած զինվորներին աջակցություն տրամադրելու ծրագիրն անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում, բացի այդ, անհետ կորած և գերեվարվածների ընտանիքներին աջակցությունը նույնպես չի ամբողջացել, այսինքն` կան շահառուներ, որոնց գումար դեռ չի տրամադրվել։

Շուռնուխի ու Որոտանի տուն կորցրած բնակիչները վեց ամիս կստանան 68 հազարական դրամ

Հիշեցնենք, որ կառավարության որոշումների արդյունքում 15 սոցիալական միջոցառում է մշակվել, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը։

ԱՆհետ կորածների ընտանիքներին որոշվել է յուրաքանչյուր անձի համար առնվազն 6 ամիս վճարել 300 000 դրամ։