Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախկին վարչապետին

ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ծննդյան 65-ամյակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի նախագահը Բիձինա Իվանիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հիշեցնենք` Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 20-ը։