Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Սագանելիձեն մեջբերել է Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ կարևորել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագրի հարցը։ Տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

«Մեզ համար մեծապես կարևոր է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք, հայկական լինելուց զատ, նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:

Ի պատասխան Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կհաղթահարի պատերազմի հետևանքները։ Նա մեջբերել է վրացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը:

Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել ու զարգացնել նաև միջբուհական շփումներն ու համատեղ ուսանողական փոխանակման ծրագրերը:

Հիշեցնենք, որ ՌԻԱ Նովոստիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կազմակերպությունը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում փորձագիտական առաքելություն ուղարկել Արցախ։

Հայկական պատմության և մշակութային առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։