Փոխվարչապետը ՀՀ-ԵՄ ծրագրի մշակման ընթացքը քննարկել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Շեշտվել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեսազանգի միջոցով քննարկել է 2021-2027թթ. համար ՀՀ-ԵՄ բազմամյա ծրագրի մշակման ընթացքը՝ երկուստեք ընդգծելով փաստաթղթի կարևորությունը համագործակցության զարգացման համար: Տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Մհեր Գրիգորյանը խոսել է քաշաթաղցիների հետ. հաջորդ հանդիպմանը կմասնակցեն նրանցից 2–ը միայն

Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Քննարկվել են նաև 2021թ. տարեկան գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, փոխվարչապետը, ընդգծելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար, գոհունակությամբ է նշել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին:

Հիշեցնենք, որ Եվրոպական միությունը փետրվարի 10-ին ծանուցել էր Հայաստանին, որ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման գործընթացն ավարտվել է։

Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: