ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Կետերից մեկում նշվում է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի։ Նրանց ընդհանուր թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն գերիների վերադարձի հարցը