ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին:
«Իհարկե, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տևական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տևական ժամանակ կորել»,– գրում է պարբերականը:
Թերթը տեղեկացել է, որ Պետրոսյանին հրահանգված է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել իր բառապաշարի համար:
Հիշեցնենք` Պետրոսյանը երեկ Facebook–ի իր էջում գրել էր, որ որոշել է դուրս գալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և Ազգային ժողովում իր աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր։