Ադրբեջանական ԶԼՄ–ները նորից հարձակվել են Թաթոյանի վրա. նա վստահեցնում է` անօգուտ է

Ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ շարունակելու է Ադրբեջանի կողմից հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որևէ ճնշումից: Թաթոյանը հայտարարություն է տարածել Facebook–ի իր էջում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ հայատյացության ու թշնամանքի քարոզ է իրականացվում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու շահարկելով նրա հայտարարությունները:

ՀՀ ՄԻՊ-ը ապացույցներ է ներկայացրել Բաքվի հայատյացության պետական քաղաքականության վերաբերյալ

ՄԻՊ–ը հայտնում է, որ այդ հրապարակումները պարունակում են իր նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ։

«Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում է նոր ատելություն` առանց անդրադառնալու ադրբեջանական ԶՈւ–ի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին` հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը, այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը և այլն»,–գրել է Թաթոյանը։

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ

Նրա խոսքով` պատերազմի ընթացքում իրենց հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100 000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40 000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30 000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ

Թաթոյանը հիշեցնում է, որ խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերին տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում: Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և ուղարկվում են միջազգային կառույցներին։

Հիշեցնենք` ՄԻՊ-ը փետրվարի 9-ին էլ էր հայտնել, որ ադրբեջանական լրատվամիջոցները իր դեմ նյութեր են հրապարակում։