Ինչի՞ մասին է խոսել ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ

Արա Այվազյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զրուցել են տեսակապի միջոցով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զրույցի ընթացքում առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Վտանգավոր մոլորությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ. նախարարը մոռացե՞լ է Թուրքիայի պահանջները

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այվազյանը երեկ տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերի հասցեագրման շուրջ:

Այվազյանը նշել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում:

Նա նաև վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ:

Այվազյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հումանիտար հարցերի հասցեագրման շուրջ, որոնք ամրագրված են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: