Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի

ՀՀ նախագահը Հայկակ Արշամյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է առաջիկայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում աշխատանքներ են կատարվում. մանրամասներ

Նախագահ Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:

Հիշեցնենք` հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։ Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ Կորոնավիրուսով վարակվել էր նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը փետրվարի 15-ին հայտնեց, որ Սարգսյանը Երևան է վերադարձել անցած շաբաթվա վերջին և բուժումը շարունակում է Երևանում։