ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik.Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը համաձայնեց իր գործընկեր Մեսրոպ Առաքելյանի հայտարարության հետ, որ արցախցիների սոցիալական խնդիրները լուծվել են։
«Արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը միտված ծրագրերն աշխատել են։ 16 մլրդ դրամ օգնություն է տրվել 130 հազար քաղաքացու, այսինքն` հինգհոգանոց ընտանիքը ստացել է երկու միլիոն դրամ, որով հնարավոր է լուծել սոցիալական խնդիրները։ Ի լրումն դրա՝ տրամադրվում է սննդի, հիգիենայի պարագաների, հագուստի, կահույքի աջակցություն, փոխհատուցվում է վարձակալության ու կոմունալ ծախսերը՝ վեց ամսով։ Իհարկե, վեց ամիսը ըստ անհրաժեշտության շարունակական կլինի, կախված է իրավիճակից՝ միգուցե այդ ընտանիքին արդեն տուն ենք տվել», - ասաց նախարարը։
Թանդիլյանի խոսքով՝ առաջնահերթությունը բոլոր արցախցիներին բնակարաններով ապահովելն է։
«Բնակարանային ֆոնդը Արցախում բավարար չէ, մոտ 10 հազար մարդու տեղավորել ենք հյուրանոցներում, մեր ենթակայության տակ գտնվող հաստատություններում։ Այժմ գյուղական համայնքներում ծրագիր ենք իրականացնում՝ կիսակառույց ոչ այնքան բարվոք տներ ենք առաջարկում մարդկանց», - ասաց նախարարը։
Պատերազմի 44-րդ օրը բանակը դեռ 97%–ով համալրված չէր. Օհանյանը` Փաշինյանի քայլերի մասին
Նա նշեց, որ 16 մլրդ դրամ աջակցություն ամբողջությամբ ՀՀ կառավարության բյուջեից է տրամադրված։ Արցախում ակտիվ աշխատում են տարբեր կազմակերպություններ, օրինակ՝ UNICEF-ը, և անհատ բարեգործներ, որոնք աջակցում են բնակչությանը։
«Կարելի է ասել՝ արցախցիների մեծ մասի կարիքները սպասարկել ենք։ Իհարկե, երբ հազարների մասին ենք խոսում, մեկ–երկու դեպք կարող է դուրս մնալ։ Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկը դեռ չի սպասարկվել, բայց պետք է ասեմ, որ մեր աշխատակիցներն օրուգիշեր ընդունում են մարդկանց, դեպք առ դեպք ուսումնասիրում, շահառու դարձնում։ Փորձել ենք լուծել մարդկանց խնդիրները ոչ միայն որպես ընդհանուր սոցիալական խումբ, այլև դեպք առ դեպք աշխատենք», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ նախարարությունում գործում է նաև դիմում-բողոքների համակարգ, որով ստացվել է արդեն մոտ 5000 դիմում։
Թանդիլյանը համաձայնեց, որ Արցախում տների վարձրերը բարձրացել են, սակայն ասաց, որ դրա տակ դրական միտում կա՝ ավելի շատ արցախցիներ են վերադառնում, և այդ տների կարիքը կա։
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում աշխատանքներ են կատարվում. մանրամասներ