ՌԴ ավիատոմսերը թանկացել են 2 պատճառով. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է ոլորտը

Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել ավիատոմսերի վաճառքի ոլորտում ու գտել ՀՀ քաղաքացիներին հուզող հարցի պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացման 2 պատճառ կա։ ՏՄՊՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում:

Ինչպե՞ս են ձևավորվում ավիատոմսերի գները. Կարապետյանը վստահեցնում է` մարդկային գործոն չկա

Բանն այն է, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը բացել է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Իհարկե, կա պայման՝ ՀՀ քաղաքացիները կարող են Ռուսաստան մեկնել կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։ ՀՀ քաղաքացիները, սակայն, բողոքում էին, որ ավիատոմսերի գները զգալիորեն թանկացել են։

Այսպիսով, ըստ ՏՄՊՊՀ–ի` ավիատոմսների գների բարձրացումը պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ։ Սակայն մյուս կողմից այն կապված է նաև զգալի բարձր պահանջարկով պայմանավորված` «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

«Մասնավորապես ՀՀ ռեզիդենտ «Ավիակոմպանիա Արմենիայի» ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021-ի փետրվարի 1-ին ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանի օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ Դրա հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ընկերություններին, ապա ՏՄՊՊՀ–ն հայտնում է, որ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից և գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ներքո:

Սակայն քանի որ հանձնաժողովը նախկինում ևս առնչվել է ավիատոմսերի գների բարձրացման երևույթին, ԵԱՏՀ-ի գործընկերների միջոցով փորձել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց գների բարձրացումների պատճառները:

Մարուքյանը Ռուսաստանի ուղղությամբ ավիատոմսերի թանկացման հարցով դիմել է ՏՄՊՊՀ

Արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից տոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ: Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակներում կարող են սահմանվել մի քանի ենթադասեր: Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են ընտրված ուղղությամբ թռիչքների համար օդանավի նստատեղերի բաշխում՝ ըստ սակագնային դասերի, դրանց արժեքի սահմանում՝ կախված թռիչքի ուղղությունից և այլն: Բացի այդ, ավիափոխադրողների կողմից օգտագործվում են նաև ամրագրման, վաճառքի, նստատեղերի բաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի գրանցման և այլ ծրագրեր: Ընդ որում, ծրագրերն ավտոմատացված են և գրեթե զուրկ մարդկային ազդեցության գործոններից։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Անհրաժեշտ է անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։

Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։