ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար: Այդ մասին նա տեղեկացրել է Facebook-ում։
«Հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին», - գրել է Կարապետյանը։
ԱԺ նախկին պատգամավորը շեշտել է, որ իր քայլով չի ընտրում այս կամ այն քաղաքական ուժին։ Նա նաև ընդունել է, որ պատգամավոր աշխատած տարիներին իր ոչ բոլոր քայլերն են արդյունավետ եղել։
«Հետ նայելով կառավարող ուժի հետ իմ անցած ճանապարհին, վերլուծելով դա պատերազմի ընթացքում և դրանից հետո ինձ համար բացահայտվող իրողությունների լույսի տակ, հասկանում եմ, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրա: Իմ քայլերը ոչ միշտ են եղել արդյունավետ կամ դրանց երկարաժամկետ ազդեցությունը եղել է անհայտ ուղղությամբ։ Չեմ փորձի հղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին և մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, և ես այդ քայլերիս համար ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից», - գրել է Կարապետյանը։
Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է. վարչապետը ընդունել է դեսպանին
Վարազդատ Կարապետյանը նաև հայտնել է, որ հիմա ընկերների հետ ստեղծում են ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում ծրագրերի մասին ավելի ընդարձակ կգրի կամ կպատմի:
Նշենք, որ ավելի վաղ Վարազդատ Կարապետյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և մանդատը վայր էր դրել՝ նշանակվելու Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնում: