ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik.Numbeo գլոբալ վիճակագրական տվյալների բազայի համաձայն՝ Հայաստանում հանցավորության ցուցանիշն ամենացածրներից է Եվրոպայում։ Այն 22,88 տոկոս է կազմում։ Տվյալները թարմացվել են 2021 թվականի հունվարին։
Հանցավորության ինդեքսը ձևավորվում է տարբեր տեսակի հանցագործությունների քանակի մասին տվյալներից։ Երկրում իրավախախտումների ամենամեծ ցուցանիշը, այն է՝ հանցագործությունների ընդհանուր թվի 54,74 տոկոսը, կապված են կոռուպցիայի և կաշառակերության հետ:
Հանցավորության մակարդակի ինդեքսի հետ միաժամանակ հրապարակվում է նաև անվտանգության ինդեքսը, որը Հայաստանում համապատասխանորեն բավականին բարձր է՝ 77,12%։
Համեմատության համար նշենք, որ հունվարի տվյալներով՝ հանցավորության ամենաբարձր ցուցանիշը Ուկրաինայում ու Շվեդիայում է՝ 48,85 ու 47,07 տոկոս համապատասխանաբար, իսկ ամենացածրը՝ Շվեյցարիայում և Սլովենիայում՝ 21 տոկոսից մի փոքր շատ:
Ո՞նց հավատանք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Ռոբերտ Քոչարյան
Անվտանգության մակարդակով Շվեյցարիան և Սլովենիան միայն 1%-ով են առաջ անցել Հայաստանից։
Numbeo-ն համաշխարհային վիճակագրական տվյալների բազա է աշխարհի պետությունների կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ։ Այն ունի տվյալներ սննդամթերքի գների մակարդակի, կյանքի որակի, հանցավորության մակարդակի մասին: Կայքի տվյալները համարվում են հեղինակավոր և օգտագործվում են մեծ քանակությամբ թերթերի և ազդեցիկ միջազգային կազմակերպությունների (օրինակ՝ ՄԱԿ-ի ու Համաշխարհային բանկի) կողմից։
Կոռուպցիան նվազել է, բայց համակարգում խնդիրները լուծող չկա․ տնտեսագետը՝ ներդրումների մասին