Գևորգ Պետրոսյանը դժվար որոշում է կայացրել. նա լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

Ազգային ժողովի պատգամավորն իր գործունեությունն այլևս նպատակահարմար չի համարում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Գևորգ Պետրոսյանը որոշել է դուրս գալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ի իր էջում։

Ինչ է քննարկել Փաշինյանն «Իմ քայլի» հետ

«Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով»,–գրել է նա:

Նա ընդգծել է, որ այլևս նպատակահարմար չի գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իր գործունեությունը:

«Միաժամանակ հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ես կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր։ Շնորհակալ եմ ԲՀԿ խմբակցության իմ սրտացավ գործընկերներին համատեղ աշխատանքի համար...»,–եզրափակել է Պետրոսյանը։

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանը 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: 2017-2019թթ.՝ եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: