Բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ, գույքի հայտարարագրում. կոռուպցիայի դեմ քայլեր են արվում

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ վարչապետին ներկայացրել են նախորդ տարի արված աշխատանքը, խոսել նոր օրենսդրական փաթեթների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող և բիզնեսով զբաղվող որոշ պաշտոնյաների տվյալների ստուգման արդյունքներն ուղարկել է իրավապահներին։ Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ տեղեկությունը հայտնել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Հայաստանում հանցավորության ցուցանիշն ամենացածրերից է Եվրոպայում, բայց...

Նա վարչապետին տեղեկացրել է նաև, որ իրականացվել է պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների հավակնորդի թեկնածուների, ՍԴ դատավորի թեկնածուների, ԲԴԽ անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում։ Նրանցից 26-ը ստացել են դրական եզրակացություն, 16-ը՝ դրական` վերապահումով, 4-ը՝ բացասական։

«Նախորդ տարի շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատ` 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ ԲԴԽ անդամների, ՍԴ անդամ/դատավորների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Վերլուծության արդյունքներով հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների ներկայացրել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր՝ չէ, չենք տեսել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարևորել է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը։ Նա նշել է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։

Կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննություն կլինի. Բադասյանը` 2 նոր դատարանների մասին

Վարչապետը հետաքրքրվել է, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ: Նշվել է, որ այս առումով 4 գործ գտնվում է ավարտական փուլում:

Հակակոռուպցիոն խորհրդի նիստում ներկայացվել է նաև որևէ սեփականության իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Բադասյանը հայտնել է, որ իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմը տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա։ Ստացված տեղեկության հիման վրա կստեղծվի տեղեկատվական բաց բազա։

Հիշեցնենք, դեռ 2019թ.–ի դեկտեմբերին վարչապետը հայտարարել էր` համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում կոռուպցիոն երևույթներ չկան:
Ո՞նց հավատանք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Ռոբերտ Քոչարյան