«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան

Նախարարը նշել է, որ աշխատանքային խումբն ամեն օր այցելում է անդամալույծ զինծառայողներին, գնահատում նրանց կարիքները, դիտարկում ոչ միայն պրոթեզավորման, այլև տան կահավորման և հարմարեցվածության հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Անդամալույծ դարձած զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ղեկավարում է Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնի տնօրեն Կարեն Դանիելյանը։ Պետք է ասեմ, որ նրա նմանը Հայաստանում չկա թե իր նվիրումով ու հայրենասիրությամբ, թե մասնագիտական կարողություններով։ Արցախում նրա աշխատանքային խումբը ամեն օր այցելում է անդամալույծ դարձած զինծառայողներին, հասկանում նրանց կարիքները, դիտարկում ոչ միայն պրոթեզավորման, այլև տան կահավորման և հարմարեցվածության հարցերը», - ասաց Թանդիլյանը։

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան

Նա վստահեցրեց, որ անդամալույծ բոլոր զինծառայողները ինտեգրվելու են սովորական կյանքին։

Նշենք, որ համաձայն նախնական գնահատման՝ պրոթեզավորման կարիք ունեն շուրջ 117 անձինք, որոնք պատերազմում վիրավորվել են և ունեն վերին ու ստորին վերջույթների պրոթեզավորման կարիք:

Նախարարության տրամադրած հավաստագրի շրջանակում վերին վերջույթի մեկ պրոթեզի ֆինանսավորման առավելագույն շեմը 2 545 000 դրամ է, իսկ ստորին վերջույթինը` 1 795 000 դրամ:

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ագրեսիայով մեկնարկած արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատվեց նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ։ Մինչ օրս հայկական կողմի վիրավորների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։