Երևանի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքից 17 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում ուժեղ երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ–ը կրկին հերքում է լուրերը

«Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Երևան քաղաքում:

Հիշեցնենք` փետրվարի 13-ին` ժամը 15:29-ին, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:

Երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել էր Երևանում, 3-4 բալ ուժգնությամբ` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել: