Սակրավորներն Արցախում աշխատանքները տեղափոխում են դեպի անտառներ, դաշտավայրեր ու լեռներ

Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծամասամբ անվտանգ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik.ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ` Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

«Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում, այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը

ԱԻ ծառայությունից նաև հայտնում են, որ Արցախի սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպություններն ու ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են դեպի անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներ:

Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են «Սմերչ» և «Գրադ» կայանքից հեռահար հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, ականանետեր և այլ չթույլատրվող զինատեսակներ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։