ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
Հիշեցնենք` արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի մի շարք շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները ՝ պահանջելով լուծել սահմանների և նրանց անվտանգության հարցը, իսկ սահմանազատումն անվանեցին ապօրինի։ Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի հատվածներում։