ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկները ֆիքսել են արջերի ընտանիքի։ Տեսանյութը հրապարակվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) Facebook-ի էջում։
«Աշխատանքային շաբաթվա սկզբին ձեզ դրական լիցքեր ենք փոխանցում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանից (CWR)։ Մեր անտառապահ Վարդան Գեղամյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկը ֆիքսել է այս ընտանեկան տեսարանը՝ մայր արջն ու քոթոթները վայելում են իրենց ազատ ու անկաշկանդ առօրյան»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ապաստարանը հավատարիմ է իր կարգախոսին`վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։
Հավելենք, որ մինչ օրս ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջ, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։