Եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցք ստեղծելու դրույթ չկա. Նաղդալյան

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ հատուկ դրույթ կա Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին: ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է այս հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որևէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ հատուկ դրույթ կա Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ։ Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո»,– ասել է Նաղդալյանը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։