ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Դերասան Վարդան Պետրոսյանն իր համար անսովոր ձևաչափում է ներկայացել՝ ռեփ կատարումով։ Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած, դեռ շարունակվող իրադարձությունները ստիպել են դերասանին մտքերն ու ապրումները խտացնել մոտ երեք րոպեում։
«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի Ռեքվիեմի երաժշտության վրա»,- գրել է դերասանը։
Վարդան Պետրոսյանն, այսպես ասած, ծաղկաքաղ է արել Վահան Տերյանի ու Կոստան Զարյանի բանաստեղծություններից՝ դիպուկ համադրելով հայ մեծանուն գրողների այն խոսքերը, որոնք կարծես ճիշտ այս իրավիճակը նկարագրելու համար գրված լինեն։
Տեսահոլովակը կառուցված է արխիվային կադրերով. հոլովակի ռեժիսորն է Էդվարդ Համբարձումյանը։
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
«Երկիր Նաիրի» անունով ռեփ-կատարումը բավականին ծանր տպավորություն է թողնում, բայց վերջում, կարծես, լույս է երևում։
«Ես խոսելու էլ ուժ չունեմ, ես քայլելու էլ ուժ չունեմ,ես անզեն եմ, բայց կողքիդ եմ, լսիր ձայնս, Զարթիր, լաո, մռնիմ քըզի...»,- այս խոսքերով եզրափակվում է կատարումը։
Դերասանն այս երգը նվիրել է հայ հերոս զինվորներին։