ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Արտակակրգ իրավիճակների նախարարությունը հերքում է համացանցում ակտիվորեն շրջանառվող լուրերը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբրև Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնագետների վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում։ Այս պահի դրությամբ հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է:
ԱԻՆ-ը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին:
Հիշեցնենք, որ Երևանի մոտ երկրաշարժ էր գրանցվել փետրվարի 13-ին, ժ. 15.29-ին՝ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումները։
Կովկասը «ճզմվում» է. ապագայում ուժեղ երկրաշարժեր էլի են լինելու
Եվս մի՝ այս անգամ 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել փետրվարի 14-ին՝տեղական ժամանակով ժամը 01:47-ին Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: