ՌԱԴԻՈ

Սուտը ցուցադրելով` քարոզում էին ճիշտ ապրել. ինչպես էին հայերը տոնում Բարեկենդանը

Կերուխում, քեֆ, ուրախություն, խրախճանք ու զվարճալի խաղեր։ Սրանք Բուն Բարեկենդանի կարևորագույն բաղադրիչներն են, սակայն եկեղեցական այս կարևորագույն տոնը միայն զվարճանքների համար չէ։
Sputnik
Սուտը ցուցադրելով` քարոզում էին ճիշտ ապրել. ինչպես էին հայերը տոնում Բարեկենդանը

Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Այդ օրը մարդիկ այնքան էին բարիանում, որ անգամ իրենց ունեցվածքն էին բաժանում։ ««Հալել եմ եղը յար ջան, հալել եմ եղը...». հենց այս ժողովրդական երգի հնչյունների տակ էր Ուտիս տատը Բարեկենդանի օրը մինչև գիշեր տոնախմբության մասնակիցներին կերակրում քաղցր գաթաներով ու զանազան ուտեստներով։

Խարույկները վառում են եկեղեցու կանթեղների կրակով. ի՞նչ խորհուրդ ունի Տեառնընդառաջը

«Ուտիս տատը բերում է, իր բլիթներով կերակրում ժողովրդին, մեզ մոտ ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր գաթաներ, յուղոտ գաթաներ ճաշակել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հարություն Փանոսյանը։

Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից ու կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր, և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:

«Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև սուտ, այսինքն` առանց սիրո հարսանիք էին կազմակերպում, տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել»,- նշեց ազգագրագետը։

Իսկ արդեն կեսգիշերին գալիս էր Պաս պապին կամ Ակլատիզը և ազդարարում Մեծ պահքի սկիզբը, որը ձգվում էր 49 օր։ Այս շաբաթներին քրիստոնյաներն իրենց նվիրում էին Աստծուն, ապաշխարում։

Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը:

Նշենք, որ այս տարի Բուն Բարեկենդանը համընկել է Տեառնընդառաջի տոնին և նշվում է փետրվարի 14-ին։

Ինչու էին հայերը երեխային բարուրում հողով և պորտալարը թաղում բակում. հայկական ավանդույթներ