ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան։ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրի իրագործումը Հայաստանին դուրս կբերի էներգետիկ շրջափակումից։ Սակայն, հաշվի առնելով ընթացիկ իրողությունները, Երևանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի՝ տարածաշրջանում արտահանող երկրի կարգավիճակը պահպանելու համար։
Էներգետիկ միջանցքի կառուցման թեման նոր չէ։ Հարցը թարմացվեց արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեի հանդիպումից հետո: Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ստեղծման ծրագիրը, այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող քայլերը:
Այդ կապակցությամբ մենք դիմեցինք փոխվարչապետի գրասենյակ՝ մանրամասներ իմանալու, այդ թվում՝ նախագծի իրագործման ժամկետների վերաբերյալ։
Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում տեխնիկատնտեսական բաղադրիչի վերաբերյալ Fichtner խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված զեկույցը: Բացի այդ, առաջիկայում տեղի կունենա ծրագրի տեխնիկական բաղկացուցիչների քառակողմ քննարկում։
Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» 400կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման և «Նորավան» 400կՎտ հզորությամբ ենթակայանի կառուցման ծրագրին, ապա դրանք գտնվում են իրականացման փուլում:
Սակագնային պատնեշ․ ի՞նչ խնդիրների է բախվում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի նախագիծը
«Ներկայումս իրականացվում է օդային հենարանների և լարերի մոնտաժային աշխատանքներ, դեպի դրանք տանող ճանապարհների կառուցում, սարքերի տեղադրում և այլ աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2021 թ․-ի դեկտեմբերին։ Հայաստանն ու Իրանն այժմ աշխատանքներ են կատաում «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների ավելացման, համաձայնագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ»,-պատասխանեցին փոխվարչապետի գրասենյակից։
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան ենթակայան) ծրագրով նախատեսված է գլխավոր կապալառուների ընտրություն երեք լոտով (Դդմաշեն ենթակայան մուտք/ելք), լոտ 2՝ էլեկտրահաղորդման գիծ, լոտ 3՝ տրանսֆորմատորների բարձրավոլտ ենթակայանի կառուցում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թ․-ի դեկտեմբերին։
Նախագիծը հայկական կողմին բավարարող պայմաններով իրականացնելու կարևորությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ընդգծեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վահե Դավթյանը։
«Էներգետիկ նախագիծը, որը մշակվել է դեռևս 2015-2016 թվականներին, կարող է ապահովել Հայաստանի ելքը էներգետիկ շրջափակումից, որում մենք գտնվում ենք։ Այն ուղղված է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի միջև փոխադարձ ներհոսքների ավելացմանը»,-ասաց Դավթյանը։
Նրա խոսքով, Հայաստանն ավելցուկային էներգետիկ հզորություններ ունի, ինչը բավական հեռանկարային հնարավորություններ է ստեղծում երկրի համար՝ էլեկտրաէներգիան դեպի արտաքին շուկաներ՝ իրանական, վրացական և Վրաստանով՝ Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար:
Փորձագետը նշեց, որ նախքան դրան հասնելը անհրաժեշտ է լուծել հիմնական խնդիրը՝ Վրաստանի և Իրանի շուկաներում ադրբեջանական Azerenerji էներգետիկ ընկերության ակտիվացումը: Դավթյանն ընդգեց, որ այդ ընկերությունը փորձում է Հայաստանին լիովին դուրս մղել տարածաշրջանային շուկայից: Այսպես, 2018 թ․-ից էլեկտրաէներգիայի վրացական շուկան Հայաստանի համար գրեթե կորել է։
Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ որոշակի կայունություն կա, սակայն այս ուղղությամբ էլ նոր խաղացողներ են ձևավորվում՝ ի դեմս նույն Azerenerji-ի։ Բացի այդ, Թուրքմենստանն առաջարկում է տարածաշրջանի համար ամենաէժան էլեկտրականությունը, իսկ Բաքուն լոբբիավորում է «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի անցկացումը իր տարածքով։
Փորձագետն այդ քայլերը գնահատում է որպես սպառնալիք Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Նա նշեց, որ այս ամենին դիմակայելու համար Հայաստանը պետք է սկսի էներգետիկ անվտանգության ձևավորման հայեցակարգային հիմքերից՝ հաստատի ազգային անվտանգության հայեցակարգը, որպեսզի հասկանա կառավարման դոկտրինալ հիմքերը և բացահայտի ներքին ու արտաքին սպառնալիքներն ու ռիսկերը:
«Ուռա, լույս, լույս». 25 տարի առաջ այս օրը վերագործարկվեց Հայկական ատոմակայանը
«Եթե մենք ընթանում ենք միջազգային էներգետիկ միջանցքի ձևավորման ճանապարհով, ապա մենք պետք է, առաջին հերթին, ինքներս մեզ դիտարկենք որպես տարածաշրջանային շուկայում արտահանող երկիր»,-ասաց Դավթյանը։
Նա նշեց, որ Հայաստանի այդ հարցում կօգնի ատոմային էլեկտրակայանի առկայությունը և այն վստահությունը, որ երկիրը զարգացնելու է խաղաղ ատոմը։