Երեկոյան սկսվում է Մեծ պահքը. այսօր Բուն բարեկենդանն է

Բուն բարեկենդանը մարդուն հիշեցնում է դրախտում իր երջանիկ կյանքը, իսկ Մեծ Պահքը ստիպում խորհել, թե ինչպես զրկվեց այդ երանությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ընդունված է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը կոչել Բարեկենդան: Սա այն օրն է, երբ թույլատրվում են չափավոր վայելքները ու խրախճանքները։ «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Այսօր Բուն բարեկենդանն է, նշանակում է՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է ամենաերկար պասային շրջանը՝ Մեծ Պահքը։

Սուտը ցուցադրելով` քարոզում էին ճիշտ ապրել. ինչպես էին հայերը տոնում Բարեկենդանը

Փաստորեն, Բուն Բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը, նվիրված է դրախտի հիշատակին, որի երանության մեջ ապրում էին Ադամն ու Եվան՝ մինչև դրախտից վտարումը: Ադամը դրախտում Տիրոջից պատվիրան ստացավ. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք»: Ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը՝ պահքը:

Բուն բարեկենդանը մարդուն հիշեցնում է դրախտում իր երջանիկ կյանքը, իսկ Մեծ պահքը ստիպում խորհել, թե ինչպես է կորցրել այն և մատնանշում դրան վերադառնալու միջոցն ու ճանապարհը:

Հիշեցնենք, որ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում նաև մոլի սովորություններից, ստախոսությունից և այլն։ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Քառասուն օրերին հաջորդում է պահոց ևս մեկ շաբաթ` Ավագ շաբաթը:

Երկրաշարժը չխանգարեց. Երևանում նշում են Տրնդեզը

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում հնուց արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի: