ՌԱԴԻՈ

Այս վարքագիծը պետության և նրա ղեկավարի դերի խեղաթյուրված ընկալման արդյունք է. Ավետիսյան

Կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իշխանության և ընդդիմության վարքագծին, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է տարաբնույթ խոստումներով իր կողմը քաշել ժողովրդական լայն զանգվածներին։ 
Sputnik
Այս վարքագիծը պետության և նրա ղեկավարի դերի խեղաթյուրված ընկալման արդյունք է. Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի դիտարկմամբ`ներկա իշխանությունն ուղղակի ժամանակ է ձգում ինչ–որ գործողություններ ծրագրելու համար, որովհետև կառավարության միջոցառումները ձևական բնույթ են կրում։ Ըստ նրա` վերջին 2-3 տարիների ընթացքում բազմիցս տեսել ենք, որ առաջարկվող ծրագրերն ի սկզբանե եղել են ձևական և դրանցից շատերի համար նույնիսկ կիրառման մեկնարկ չի տրվել։

«Առավել ևս այս պայմաններում, երբ իշխանության վարկանիշը մեծ անկում է ապրել, խիստ կասկածներ ունեմ, որ նույն իշխանությունը մտածում է և հույս ունի, թե ինչ–որ ծրագրեր առաջարկելով` կարողանալու է մարդկանց վստահությունը հետ շահել»,– նշեց փորձագետը։

Ընտրությունների առաջարկով Փաշինյանը փորձում էր շեղել օրակարգն իր հրաժարականի պահանջից

Ավետիսյանը վկայակոչեց այն իրողությունը, որ նույնիսկ հրադադարի ազդարարումն ու հայտարարությունը եղել են գաղտնի պայմաններում, և որոշումը կայացվել է միանձնյա, մինչդեռ դրանից օրեր առաջ վարչապետը հանդես էր գալիս մարտական կոչերով ու ոգեշնչող ելույթներով։  

«Այդ տրամաբանությունը շարունակվում է, երկիրը կառավարող նույն անձը կարծում է` քանի որ ինքը լեգիտիմորեն ընտրված ղեկավար է, ուստի իրավասու է երկրի ու ժողովրդի անունից որոշումներ կայացնել։ Սա պետության և նրա ղեկավարի դերի խեղաթյուրված ընկալման արդյունք է։ Փաշինյանը մտածում է, որ եթե իրեն այդքան ձայն են տվել, հետևաբար կարող է ամեն ինչ անել այնպես, ինչպես կամենում է»,– նշեց փորձագետը։

Ավետիսյանի գնահատմամբ` ընդդիմության պարագայում ինքն ի սկզբանե չի տեսել խնդիրների լուծման հստակ տեսլական, ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ կառավարողները դավաճան են, պետք է հեռանան և իրենք պետք է փոխարինեն նրանց։ Ըստ Ավետիսյանի` ընդդիմության կողմից այդպես էլ չներկայացվեց գործողությունների իրատեսական ծրագիր, թե ինչպես են պատրաստվում լուծել հասարակության առջև ծառացած խնդիրները։ 

«Մեր թիվ մեկ խնդիրն այն է, թե ինչպես ենք վերականգնելու մեր և Արցախի անվտանգության ընդհանուր համակարգը։ Այս գերխնդրի ֆոնին նաև մարդկանց ապատիայի, տնտեսական կառուցակարգերի հանդեպ անվստահության խորացման արդյունքում ունենում ենք տնտեսական անկում, ավելացել է պետական պարտքի բեռը։ Նման իրավիճակում չենք տեսնում, որ մատնանշեն խնդիրների լուծման ուղիներ, և դա է պատճառը, որ մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել, ուստի նրանց առջև միշտ դրվում է անձերի ընտրության հարց»,– նշեց փորձագետը։

Որ թշնամին իմանա` մեր ժողովուրդը կանգնած է. ընդդիմությունն ավտոերթով կգնա Սյունիք

Ավետիսյանի համոզմամբ` եթե մարտահրավերների շուրջ քաղաքական ուժերը համախմբվեն իրենց տեսլականներով, հստակ ձևակերպված ծրագրերով, ապա հանրությունը կտեսնի, որ ստեղծվում է ընտրության հնարավորություն, և այդ դեպքում մարդիկ ավելի ակտիվորեն կդրսևորեն իրենց քաղաքական հայացքները։ Ըստ նրա` ժողովուրդը գնալու է հստակ և իրատեսական ծրագրեր ներկայացնող ուժի հետևից, որը կառաջարկի իրավիճակից դուրս գալու, ճգնաժամային վիճակը հաղթահարելու համակարգային լուծումներ։