Տեառնընդառաջին խարույկ վառելը պարտադիր չէ, այն ընդամենը ժողովրդական ավանդույթ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Տոնին մասնակցելու ամենակարևոր պայմանը ոչ թե խարույկ վառելն է, այլ փետրվարի 14-ին պատարագին մասնակցելը։ Ճիշտ կլինի, որ մարդիկ լույսի շուրջ համախմբվեն և դրա մեջ տեսնեն Աստծո լույսը, իսկ խարույկի վրայով թռչելը, գուշակություններ անելը ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ»,- ասաց նա։
Նրա խոսքով` քրիստոնյաները Տեառնընդառաջի տոնին մատուցվող երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցում վառված մոմի լույսը տանում են իրենց տուն, կրակ կամ մոմ են վառում, որը խորհրդանշում է Քրիստոսի լույսը։
Մարդկանց մեջ տարածված կարծիք կա, որ տոնն առաջին հերթին նորապսակներին է վերաբերում, սակայն տեր Եսային վերահաստատում է`այն քրիստոնյա եկեղեցու ամենակարևոր տոներից է և վերաբերում է բոլորին։
Տոնի հետ կապված ժողովրդական հավատալիքները բազմաթիվ են։ Դրանցից մեկի համաձայն` ամուսնացած զույգերի ծնողները` խնամիները, փոխայցելություններ են անում։ Բացի այդ, Տեառնընդառաջը վերացնում էր աներոջ ու նորափեսայի միջև «անջրպետը»։
«Փեսան աներոջը չէր հանդիպում այնքան ժամանակ մինչև գալիս էր Տեառնընդառաջի տոնը, և աղջկա ծնողները գալիս էին փեսայի տուն, որից հետո այդ տաբուն վերանում էր»,- նշեց քահանան։
Գլուխլվայից մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի ծննդից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ` արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:
Ինչու էին հայերը երեխային բարուրում հողով և պորտալարը թաղում բակում. հայկական ավանդույթներ