Գրանցվել է շուրջ 46 հետցնցում. Երևանում վնասվել է երկու շինություն

Նախնական տվյալներով` Այվազովսկու փողոցում փլուզման հետևանքով քաղաքացու տուժելու մասին լուրը հերքվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik.Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժի հետևանքով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը շուրջ 1 310 տարաբնույթ ահազանգեր է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությա մամուլի ծառայությունը։

Երկրաշարժից հետո Երևանի կենտրոնի բնակելի շենքերում ճաքեր են առաջացել. տեսանյութ

Փլուզումների վերաբերյալ ահազանգերից այս պահի դրությամբ հաստատվել են միայն երկուսը` Երևանի Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներից ստացված ահազանգերը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Այվազովսկու փողոցում փլուզվել են մեկհարկանի շինության պատի 9 քմ և տանիքի 7 քմ հատվածները։ Իսկ Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից փլվել է 2 քմ հատվածը։

Նախնական տվյալներով` Այվազովսկու փողոցում փլուզման հետևանքով քաղաքացու տուժելու մասին լուրը հերքվել է։

ԱԻՆ–ը նաև հայտնում է, որ երկրաշարժի մարող հետցնցումները շարունակվում են։ Արդեն գրանցվել է շուրջ 46 հետցնցում։

Այդուհանդերձ, նախարարությունը բնակչությանը հորդորում է դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։

Գրանցվել է շուրջ 46 հետցնցում. Երևանում վնասվել է երկու շինություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց