«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան

Տնտեսագետն ուզում է տեսնել այն հային, որը պետք է հուզված գործունեություն ծավալի «ապաշրջափակված» ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik.Հայաստանի բեռնափոխադրողներն անգամ Վրաստանի տարածքով չեն կարողանում լիարժեք շարժվել, իսկ նրանց առաջարկում են գնալ Ադրբեջանի տարածքով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, մեկնաբանելով տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին հայտարարությունները, նման համեմատություն արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Ես ուզում եմ տեսնել այն հայ մարդուն, որը պետք է հուզված գործունեություն ծավալի այդ ճանապարհով»,– ասաց տնտեսագետը։

Բոստանջյանի գնահատմամբ` «ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան ընդամենը հասավ Թուրանի գաղափարի առաջխաղացմանը` Հայաստանով անցնող ճանապարհով միավորվելով Ադրբեջանի հետ։

«Այդ ճանապարհն իրենց համար է, մեզ հետ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի առնչություն չունի։ Այդ երևույթի անունը ուղղակի դրել են «ապաշրջափակում», որպեսզի բազմաթիվ մարդիկ չհասկանան, թե դա իրականում ինչ է։ Դա չեն հասկանում նաև նախարարներն ու կառավարությունը։ Կամ եթե հասկանում են, ուրեմն հատուկ են անում»,– ասաց Բոստանջյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը։

Ի՞նչ է ծրագրում Թուրքիան. Մեծ Թուրան` Նախիջևանի միջով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց ևս մեկ լրացուցիչ հայտարարություն, որի բոլոր 4 կետերը վերաբերում են ապաշրջափակման ծրագրերին։

Երկաթուղային ապաշրջափակման դեպքում բեռնափոխադրումների 80 տոկոսը կանցնի Մեղրիով

Հայտարարության արդյունքում ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ, որը պետք է կազմի աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկ՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները:

Աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը պետք է կողմերի ամենաբարձր մակարդակով հաստատմանը ներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը։

Նշենք, որ աշխատանքային խումբը փետրվարի 2-ին արդեն երկրորդ հանդիպում է անցկացրել։ Բայց քննարկված հարցերի մասին մանրամասներ, այդ թվում` ճանապարհների վերաբերյալ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։

Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո