Երևանի կենտրոնում պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակին նվիրված հուշաքարը

Հոլոքոստի հուշարձանը պղծելու մասին հրապարակումների հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երևանի կենտրոնում պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը։ Այս մասին ահազանգում է «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը։

Նա գրառում է արել Facebook-ում և լուսանկար հրապարակել. հուշաքարի վրա կարմիր ներկով անհասկանալի բաներ են գրված։

«Չեմ ուզում հավատալ, որ սա հայի ձեռքով է արված։ Սա կարող է նպատակաուղղված սադրանք լինել թշնամական պետության գործակալների կողմից՝ Հայաստանում առանց այդ էլ խարխլված ներքին համերաշխությունը էլ ավելի պառակտելու նպատակով»,–գրել է Կոստանյանը։

Նա հիշեցրել է, որ արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել և կորուստներ են ունեցել նաև մեր հրեա հայրենակիցները, իսկ հրեական համայնքի ղեկավարը այդ օրերին հատուկ նամակ-ուղերձով դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ դատապարտելով և պահանջելով դադարել զենքի վաճառքը Ադրբեջանին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ հրապարակումների հիման վրա ոստիկանութփյունը նյութեր է նախապատրաստում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին անհայտ անձը կամ անձինք կրկին պղծել էին այս հուշարձանը` նորից կարմիր ներկ լցնելով դրա վրա։ Երևանի քաղաքապետարանի կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները շատ արագ մաքրել էին հուշարձանը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը գտնվում է Երևանի օղակաձև զբոսայգում` Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում։ Այն տեղադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին։

Երբ կոշիկները ճակատագրեր են հիշեցնում