ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ու լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որում մի քանի ոստիկաններ դաժանաբար ծեծում են քաղաքացիական հագուստով մի տղամարդու։
Մոտ 40 վայրկյան տևողությամբ տեսագրությունը սկսել է արագորեն տարածվել համացանցում։ Դատելով ուժայինների ամառային համազգեստից` դեպքը նոր չէ։
Sputnik Արմենիան որոշեց մանրամասներ իմանալ ոստիկանությունից։ Մեզ հայտնեցին, որ սա նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած դեպք է, ոստիկանների դեմ հարուցվել են քրեական գործեր, որոնցով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ նախաքննությունը վաղուց ավարտվել է, ճանապարհային ոստիկանության 3 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Գործը հիմա արդեն դատարանում է։ Մեզ հաջողվեց պարզել նաև, որ ոստիկանները քաղաքացուն ծեծել են անցյալ տարվա օգոստոսի 22-ին։