Տղամարդկանց ծեծել են ՃՈ տեսուչները. ՀՔԾ–ն հրապարակել է նրանց անունները

Աղմկահարույց տեսագրության հրապարակումից հետո ՀՔԾ–ն ներկայացրել է քրգործի մանրամասները։ Տղամարդը գնացել է ոստիկանություն և պարզաբանում պահանջել, թե ինչու են մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Հայհոյանքներին հաջորդել է ծեծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik.Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է ԶԼՄ–ներում և սոցցանցերում տարածված տեսագրությանը և ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մանրամասները։

«Քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչներ` Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին»,– նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Քննչական մարմին հայտնում է, որ ՃՈ տեսուչներ Սարգիս Մնացականյանն ու Սահակ Խաչատրյանը 2020 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են արգելված վայրում կայանված` Արթուր Մեսրոպյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո այն տեղափոխվել է ՃՈ ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Փաշինյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումները. ՆԳՆ–ն իրականություն պիտի դառնա այս տարի

Նույն օրը՝ ժամը 22:20-ին, Արթուր Մեսրոպյանն իր ազգականի` Տիգրան Մեսրոպյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14-րդ հասցեում գտնվող՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ, որտեղ պարզաբանումներ է պահանջել տեսուչներ Սարգիս Մնացականյանից և Սահակ Խաչատրյանից` ավտոմեքենան հիշյալ տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին:

Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը Արթուր Մեսրոպյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն` դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արթուր Մեսրոպյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում Տիգրան Մեսրոպյանը փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տիգրան Մեսրոպյանի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է:

Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել դատարան:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը