Հայաստանի մասին ֆիլմ կնկարեն «Netflix»–ի համար. նախարարը որոշ մանրամասներ է հայտնում

Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է հեղինակավոր կինոհեռարձակող «Netflix»-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ։

«Քննարկեցինք նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։ «Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։ Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է»,– Facebook-ի էջում գրել է Արշակյանը:

Նախարարի խոսքով` ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի։