Ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել են նախարարության բաժիններից մեկի պետը, գլխավոր մասնագետն ու կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Քննչական կոմիտեում քննվող չարաշահումների փաստով քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 3 պաշտոնյաներ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց ծեծել են ՃՈ տեսուչները. ՀՔԾ–ն հրապարակել է նրանց անունները

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ`պաշտպանված բնակարաններ և փոքր տներ ձեռք բերելու նպատակով նախարարությունը 2019թ. դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել մի ՍՊԸ–ի հետ։

Փաստաթղթով արձանագրվել է, որ ձեռք բերվող առանձնատները պետք է պիտանի լինեն բնակության համար։ Ու թեև իրականում դրանք չեն համապատասխանել պայմանագրով սահմանված չափանիշներին, ունեցել են վերանորոգման կարիք և պիտանի չեն եղել բնակության համար, բայց նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետը տվել է առանց ամսաթվի դրական կեղծ եզրակացություն։

Նշված մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:

ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվո՞ւմ. ԱԱԾ–ի պատասխանը

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչության կասկածանքով ձերբակալվել են նաև նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետը և նախարարի` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱԱԾ-ն Վայոց Ձորի մարզպետարանում հափշտակության խոշոր դեպք է բացահայտել