Արցախի նախագահը հանդիպել է ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ

Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին․ տեսանյութ

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցերի շուրջ»,- ասաց Ավանեսյանը:

Մեր հարցին՝ ո՞վ է եղել ադրբեջանական կողմի բարձրաստիճան պաշտոնյան, Ավանեսյանը հորդորեց սպասել։ 

«Սա ադրբեջանական կողմի իրավասության հարց է, և իրենք պետք է հրապարակեն այն անձի անունը, որը հաշվի առնելով Ադրբեջանում եղած հասարակական-քաղաքական տրամադրությունները, հանդգնել է հանդիպել ԱՀ նախագահի հետ»,- նշեց Ավանեսյանը։

Քննարկվե՞լ է Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարց. ԱՀ խոսնակի խոսքով`նման հանդիպումների ժամանակ կարգավիճակի հարց չի կարող քննարկվել։ Ավանեսյանը հավելեց նաև, որ կարգավիճակի հարցը որոշվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո։

Գերիների և Ադրբեջանի պահվածքի մասին Այվազյանը զրուցել է ֆրանսիացի գործընկերոջ հետ

Ավանեսյանը գերիների և անհայտ կորածների մասին թվային տվյալներ չտրամադրեց։ Ըստ նրա` այս փուլում, երբ քննարկումները դեռ ավարտված չեն, որևէ զգայուն տեղեկություն հանրայնացնելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ գործընթացի վրա։