ՌԱԴԻՈ

Որքանո՞վ է Հայաստանում պաշտպանված պացիենտի անվտանգությունը. Բագիյանը թվարկում է խնդիրները

Վերջին տարիներին ի՞նչ է արվել ՀՀ–ում բուժսպասարկման ոլորտն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ, ի՞նչ վիճակում են մարզային հիվանդանոցները. Sputnik Արմենիան այս և այլ հարցերի շուրջ զրուցել է «Մի վնասիր» ՀԿ–ի նախագահ, ընտանեկան ստոմատոլոգ Զարուհի Բագիյանի հետ։
Sputnik
Որքանո՞վ է Հայաստանում պաշտպանված պացիենտի անվտանգությունը. Բագիյանը թվարկում է խնդիրները

Ձեռքերի հիգիենայի ապահովումից մինչև անվտանգ ծննդօգնության իրականացում, ծննդօգնության ու վիրաբուժական ստուգաթերթիկի կիրառում. սրանք անհրաժեշտ և պահանջվող գործողությունների միայն մի մասն են, որոնք ապահովում են պացիենտի անվտանգ բուժսպասարկումը։

«Ոչ ոք անտեսված չի լինի». ի՞նչ կտա առողջության պարտադիր ապահովագրությունը

Հայաստանի առողջապահական համակարգում եղած ամենաթույլ և խոցելի հաստատությունները պոլիկլինիկաներն են, որտեղ պացիենտներն առավել հաճախ են խնդիրների բախվում։

«Մասնագետների սակավությունը, տեխնիկայի պակասը և անվերջանալի հերթերի գոյացումը Երևանի պոլիկլինիկաների հիմնական խնդիրներից են, որոնց ամեն օր բախվում են մեր քաղաքացիները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Մի վնասիր» առողջապահական ՀԿ համահիմնադիր, նախագահ, ընտանեկան ստոմատոլոգ Զարուհի Բագիյանը։

Նշված խնդիրներն առավել ցայտուն են հատկապես մարզային պոլիկլինիկաներում։ Ավելին, մարզային հիվանդանոցներից շատերն էլ թե՛ մասնագետների, թե՛ անհրաժեշտ տեխնիկայի համալրման կարիք ունեն։

«Այն քաղաքներում, այն մարզերում, որտեղ ավելի քիչ պացիենտներ են սպասարկում կարելի է պոլիկլինիկան և հիվանդանոցը միավորել, այդպիսով մենք կունենանք և՛ համապատասխան քանակի մասնագետներ, և՛ բուժտեխնիկա, և՛ ավելի լավ սպասարկում»,- նշեց ՀԿ–ի նախագահը։

Նրա խոսքով` բուժհաստատություններում առկա դժվարությունները նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է վերահսկողությունն ուժեղացնել, ստեղծել կառույցներ, որոնք կզբաղվեն խնդիրների վերլուծությամբ, ինչպես նաև ցանկացած փոփոխության դեպքում հետամուտ լինել առաջացած շեղումների հայտնաբերման ու խնդիրների լուծման գործում։

Նշենք, որ փետրվարի 11-ին նշվում է պացիենտի համաշխարհային օրը։