ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Երևանի Տիգրան Մեծից Հանրապետության հրապարակ ընկած հատվածը։ Նրանք, սակայն, նշեց, որ սրանով չեն սահմանափակվելու։
«Ոչ մի կառույց թող չփորձի մեզ հետ խաղալ։ Հիմա բացում ենք ճանապարհը, քանի որ անհետ կորած տղաներից մեկի մայրը լավ չի զգում, պետք է տուն գնա։ Հարգելով նրան` մենք բացում ենք ճանապարհը, սակայն ակցիաները շարունակելու ենք»,–ասաց անհետ կորածներից մեկի հարազատը։
Մեկ ուրիշն էլ ասաց` իրենց ոչինչ պետք չէ, ի՞նչ է` իրենց երեխաներին պահանջելու իրավունք էլ չունե՞ն։ «Մեզ պետք են մեր երեխաները, որոնք թուրքի դեմ են կռվել հանուն բոլորիս։ Հիմա ոչինչ չեն անում, որ նրանց վերադարձնեն։ Անգամ դիակները չեն բերում, որ լացենք վրան»,–ասաց տղամարդը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։ Վերոհիշյալ տարածքում երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է։
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատներն այսօր առավոտից բողոքի ակցա էին անում կառավարության շենքի դիմաց, նրանք իրենց հետ էին բերել նաև զինծառայողների երեխաներին։ Փոքրիկների ձեռքերում պաստառներ էին` «Վերադարձրեք հայրիկին», «Պահանջում եմ հայրիկիս», «Մենք մեր հայրիկին ենք ուզում» գրություններով։
«Վերադարձրեք հայրիկիս». անհետ կորածների ծնողները բողոքի ակցիայի են բերել երեխաներին