ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Նման կարծիք է հայտնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ։
«Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, ինչպես նախկինում քննարկել և պայմանավորվել ենք: Լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները: Ավելին՝ գործընթացը լինելու է առավելագույնս թափանցիկ՝ հիմնված հանրային ակտիվ մասնակցության սկզբունքի վրա»,–ասել է Ավինյանը։ Նրա խոսքով` այստեղ պիտի համատեղեն քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:
Կոնդի վերակառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքում ստացված առաջարկներն ու կարծիքներն ամփոփվել են, դիտարկվել են դրանց իրականացման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին Ավինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Նա հայտնել էր, որ Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը: