Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալներով՝ 2020թ–ին տրամադրված վարկերը 6 անգամ գերազանցել են 2018թ–ի ցուցանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները։ Նման որոշում այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում` էկոնոմիկայի նախարարության առաջարկով։

«2020թ-ին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը մարտի 26-ին ընդունել էր որոշում, որով պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի դարձան 0 տոկոս տկոսադրույքով, որի արդյունքում պետական աջակցությամբ ծրագրերի շրջանակում ներդրումները շուրջ 2 անգամ գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը»,– նախագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Գյուղատնտեսության ՀՆԱ–ն 2020թ–ին 2019-ի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով։ Այս ցուցանիշները, Քերոբյանի խոսքով, կառավարությանը թույլ են տվել շարունակել գյուղոլորտի ֆինանսավորումը, որպեսզի 3-15 մլն դրամանոց վարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի լինեն 0 տոկոսով։

Վարչապետ Փաշինյանն էլ նշեց, որ 2020թ–ին, երբ կառավարության աջակցության ծրագիրը քննադատությունների էր արժանանում, կառավարությունը «ռեկորդային թվով» վարկեր է հատկացրել գյուղոլորտին։

«Օրինակ` 2018թ–ի համեմատ 2020թ–ին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Այսինքն` եթե 2018թ–ին 5782, ապա 2020թ–ին տրամադրվել է 36600 վարկ։ Ընդ որում, 2020թ–ի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների ներքո, որ մենք գյուղացիներին ոչ մի բան չենք տալիս, զրկել ենք վարկերից և այլն»,– ասաց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ անցյալ տարի կառավարությունն աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման ծրագիր էր իրականացրել, այս տարի նույն պայմաններով իրականացնելու է նաև գարնանացան ցորենի ծրագիր։