ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Արցախի Կարկառ գետում գլխավոր հանգույցի կառուցման նախագիծ է մշակվել․ ծրագրի շահագործման արդյունքում Ասկերանի շրջանի վերին և ներքին ենթաշրջաններում ինքնահոս և մեխանիկական եղանակով ոռոգելի կդառնա ավելի քան երկու հազար հեկտար հողատարածք:
Արցախի նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ոռոգման ծրագրերի քննարկմանը:
Լսելով մասնագետների և ծրագրի պատասխանատուների կարծիքները՝ hանրապետության նախագահը հավանություն է տվել նախագծին և հանձնարարել մեկնարկային աշխատանքները սկսել ողջամիտ ժամկետներում:
«Ժամանակն է նաև զուգահեռաբար քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում գյուղատնտեսությունը շարունակելու է գերիշխող մնալ մեր տնտեսական քաղաքականության մեջ, և հողատարածքների ոռոգման նպատակով առաջիկա ամիսներին կմեկնարկեն մեծածավալ ծրագրեր»,- ասել է նախագահը:
Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձ. Արցախի նախագահ
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արցախի այլ հատվածներում նախատեսվող ոռոգման ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է Հիլիսի ջրամբարի կառուցման, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի և Մարտակերտի շրջանի ցածրադիր հողատարածքների ոռոգման ծրագրերի աշխատանքները սեղմ ժամկետներում սկսելու կարևորությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանը հայտնել էր, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել hանրապետության մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։