Հայկ Կարապետյանի դիտարկմամբ`պարենային ապրանքների պարագայում, որտեղ առկա է կենտրոնացվածություն, հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության երևույթներին անդրադառնում է հնարավոր նախադրյալներ կամ նախապայմաններ տեսնելու առումով։ Ըստ նրա`հանձնաժողովն արդեն հրապարակել է նախնական ուսումնասիրության արդյունքները` փորձելով հասկանալ, թե ինչով են պայմանավորված առկա միտումները։
«Ինչ վերաբերում է ավիատոմսերի շուկային, ապա այդ կապակցությամբ նույնպես մոտ օրերս կլինի հրապարակում։ Նախնական տվյալներով նշեմ, որ այստեղ իրավական տեսանկյունից առկա է նաև ԵԱՏՄ օրենսդրության կիրառման խնդիր, գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, և մեր հանձնաժողովը նախկինում անդրսահմանային շուկայում գների թանկացման, հենց ավիատոմսերի թանկացման մասով դիմել է ԵԱՏՄ հանձնաժողովին` ստանալով պատասխան, որը նույնպես կհրապարակենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ հանձնաժողովի անդամը։
Կարապետյանի կարծիքով` խնդիրն այն է, որ ավիատոմսերի գները ձևավորվում են ավտոմատ ծրագրերի միջոցով, և տնտեսվարող սուբյեկտները գրեթե առնչություն չունեն գների փոփոխության հետ, այսինքն` դա կատարվում է ոչ մարդկային գործոնով պայմանավորված, եկամտաբերության մասը նույնպես փոփոխության չի ենթարկվում մարդու կողմից, հետևաբար ըստ հանձնաժողովին ներկայացված տեղեկատվության` այդտեղ գործում է պահանջարկի ու առաջարկի օրենքը։
Կարապետյանի փոխանցմամբ` հանձնաժողովը խոսել է նաև հայկական օպերատորի հետ, և վերջինս նույնպես նույն հիմնավորումներ է տվել, որ էժան տոմսերը սպառվել են, մնացել են միայն թանկ տոմսերը, ու այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տեղի է ունեցել գների բարձրացում։
Հիշեցնենք` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 1-ին Facebook–ի իր էջում գրել էր, որ բազմաթիվ քաղաքացիներից են տեղեկություններ ու դժգոհություններ ստանում, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նա նշել էր, որ այդ խնդրով դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։
Հայրենիքի «քաղցր օդի» դառը հեգնանքը. ինչու է թանկացել Երևան–Մոսկվա ավիատոմսերի գինը