Հայաստանն ամեն օր փոքրանում է. ընդդիմությունը ժողովրդին հրավիրում է Ազատության հրապարակ

Ընդդիմությունն առաջարկում է չսպասել քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ժողովրդի կողքին են, բայց ժողովուրդն է որոշում երկրի ապագան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարություն է տարածել։ Նա կոչով դիմել է հայ ժողովրդին` ընդգծելով` քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր:

Վազգեն Մանուկյանը հիշեցրել է, որ երեկ` փետրվարի 10–ին, իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը:

Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ

«Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ։ Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք»,–գրել է նա:

Նա հիշեցրել է, որ պատերազմի 44 օրերին մեզ խաբեցին, իսկ ճշմարտությունն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարված էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թե հաղթում ենք:

«Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ: Չունենք նաև բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամեն օր ապացուցում է, որ գոյություն չունի»,–արձանագրել է Մանուկյանը:

Արցախ է վերադարձել 100 000 մարդ, 40 000-ը շարունակում են բնակվել Հայաստանում. Թանդիլյան

Նա նշել է, որ Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին համոզվել են, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին:

Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել

«Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի և զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք և շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով»,–նշել է նա:

Մանուկյանի խոսքով` ապագա սերունդներն անիծելու են մեզ: Նրա խոսքով` մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ:

«Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով:

Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան»,–գրել է վարչապետի միասնական թեկնածուն:

Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում. Սյունիքի մարզպետարան

Մանուկյանը կոչ է արել անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը, որպեսզի մեր աչքի առաջ չկորցնենք մեր Հայրենիքը: