ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Գորիս-Դավիթ-Բեկ, Գորիս-Կապան ճանապարհին քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը` ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Գորիս-Դավիթ-Բեկ և Գորիս–Կապան ճանապարհահատվածներում անվտանգ երթևեկության կազմակերպման մասին հուշագրի ոչ պաշտոնական տեքստը:
«ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ՊՆ–ն հիշեցնում է, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:
Հիշեցնենք` երեկ խորհրդարանում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ բացի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, Գորիս-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ ևս մեկ պայմանավորվածություն կա, քանի որ այնտեղ ճանապարհը անցնում է «վիճելի տեղամասերով»: Արտգործնախարար Արա Այվազյանն էլ հայտնել է, որ տեղյակ չէ` ինչ փաստաթղթի մասին է խոսում Ավինյանը։